Օգոստոսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Դիտարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ ընթացիկ օրակարգի արդի հարցերի վրա։ Համաձայնեցվել են կարծիքները՝ տարածաշրջանային և միջազգային սցենարների շուրջ։
Քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան:
Ադրբեջանի ԱԳՆ-ն, իր հերթին, հեռախոսազրույցի այլ մանրամասներ է հայտնում։ «Փոխնախարար Էլնուր Մամեդովը Մ.Գալուզինին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքների, հայկական կողմի ռազմաքաղաքական սադրանքների մասին, որոնք խաթարում են այդ ջանքերը և հակասում միջազգային իրավունքին ու 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը»,- ցիտում են ադրբեջանական լրատվամիջոցները։





























