Հայաստանը ղեկավարում է լրագրող, որն ուղղակի տեղեկություններ է իմանում եւ դրանք հաղորդում հանրությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանը։

«Սկզբից էլ պարզ էր Լաչինի միջանցքը փակելու իմաստը՝ ստեղծել ծայրահեղ իրավիճակ եւ որոշ ժամանակ անց միակողմանի բացել ճանապարհը, որ մարդիկ դուրս գան։ Այսքանը հասկանալու համար անհրաժեշտ չէ լինել լրագրող-վարչապետ։ Ի հակակշիռ մենք տեսնում ենք անտարբեր հասարակություն, խրախճանքների մեջ գտնվող իշխանություն, որն այս ամենը ցուցադրում է լայն ժպիտներով»,- ասաց Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ հիմա գնում է մեծ հակամարտություն Արեւմուտքի եւ Ռուսատանի միջեւ։ Պետք է ստեղծվի թուրքական աշխարհ, որը հակակշիռ կլինի Իրանին եւ Ռուսաստանին։

«Այս ծրագրերում Հայաստանը գոյություն չունի։ Թուրքական աշխարհ ստեղծելու համար առնվազն Սյունիքը թուրքական պետք է չլինի։ Սա լուրջ խնդիր է լինելու ապագայում նաեւ Ռուսաստանի եւ Իրանի համար, իրենց տարածքային ամբողջականությունը եւս կասկածի տակ է դրվելու։ Հիմա մենք ունենք իշխանությունը, որը հակահայկական աշխարհաքաղաքական բլոկի մեջ է, որը դեմ է մեր գոյությանը։ Սա աննորմալ իրավիճակ է։ Բացի սա՝ Հայաստանում ձեւավորվում են Նիկոլ Փաշինյանի պահուստային տարբերակները, օրինակ՝ Հայկ Մարությանը, որը Զելենսկու ծրագիրն է կրկնում։ Այսինքն՝ ԱՄՆ-ն բերում է ծաղրածուի, որը ժողովրդի սրտից խոսքեր է ասում, գալիս է իշխանության եւ կործանում երկիրը։ Եվ ես այս դեպքում ծաղրածուն ամենեւին վիրավորական իմաստով չեմ ասում»,- նշեց Դանիելյանը։