Լեհաստանը, Լատվիան, Լիտվան (ունեն Բելառուսի հետ ընդհանուր սահման) և Էստոնիան պահանջել են երկրից դուրս բերել «Վագներ» ՊՄԿ-ի մարտիկներին, ասված է այդ երկրների ՆԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, գրում է Rzeczpospolita-ն։

«Բելառուսի հետ մեր սահմանին իրավիճակը կայունացնելու համար երկու բան է անհրաժեշտ։ Մենք Մինսկի իշխանություններից, [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի ռեժիմից պահանջել ենք, որ «Վագներ» խմբավորումն անհապաղ հեռանա Բելառուսի տարածքից, անօրինական միգրանտներն անհապաղ լքեն սահմանային գոտին և գնան իրենց ծագման երկրներ»,- ասել է Լեհաստանի նախարար Մարիուշ Կամինսկին։ 

Նրա խոսքով՝ Բելառուսում կենտրոնացած են մի քանի հազար «վագներականներ», սա «չափազանց վտանգավոր խումբ է, որը շատ իրական անվտանգության սպառնալիք է ներկայացնում Բելառուսի քաղաքացիների և ողջ տարածաշրջանի համար»։

«Մենք ակնկալում ենք հնարավոր միջադեպեր, այդ թվում՝ զինված, այս խմբի անդամների մասնակցությամբ»,- ասել է նախարարը։

«Վագներ» ՊՄԿ-ն Բելառուսում է հայտնվել հունիսյան ապստամբությունից հետո։ Լուկաշենկոն այդ ժամանակ բանակցություններ էր վարում ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ՝ խմբի առաջընթացը կասեցնելու համար։ Պայմաններից մեկն էր պատրաստակամ մարտիկների տեղափոխումը հանրապետության տարածք, այնտեղ պետք է գնար նաեւ ինքը՝ Պրիգոժինը։