Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարություն է տարածել՝ «ընդդիմադիր կուսակցությունների գործունեության պաշտոնական արգելմանը՝ իշխանությունների նախապատրաստման մասին»։ Այս մասին հայտնում է Turan-ը։

Իլհամ Ալիևն իր իշխանության 20 տարիների ընթացքում վարել է ընդդիմությունը վերացնելու քաղաքականություն, ինչը շարունակում է մինչ օրս։ Նրա ղեկավարությամբ պատրաստված և ընդունված «Կուսակցությունների մասին» ռեակցիոն օրենքը և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններն իրական ընդդիմության վերացման ևս մեկ փորձ են, ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունների մասին նոր օրենքը սկզբունքային դիրքորոշում ունեցող ընդդիմադիր կուսակցությունները վերացնելու համար  իրավական մեխանիզմ է ստեղծում։ 

Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները նախատեսում են 17 տեսակի պատիժներ պետական ​​գրանցումից զրկված կուսակցությունների անդամների ու առաջնորդների նկատմամբ։ Տվյալ դեպքում տուգանքները տատանվում են 700 մանաթից մինչև 15000 մանաթի սահմաններում, ասվում է հաղորդագրության մեջ։

Ազգային խորհուրդը հատուկ ուշադրություն է դարձնում այն ​​հանգամանքին, որ վերջին տարիներին «իշխանությունների թիրախը» դարձել է Ժողովրդական ճակատ կուսակցությունը, որն առանձնանում է իր «զանգվածայնությամբ» և «սկզբունքային դիրքորոշմամբ»։ Մի քանի տարվա ընթացքում «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի շուրջ 50 անդամներ ձերբակալվեցին քրեական մեղադրանքներով, ևս 200-ը՝ վարչական մեղադրանքներով: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի ղեկավարին արգելել են արտասահման մեկնել։ Արդեն երեք տարի է, ինչ նրա տանը ինտերնետն անջատված է։

Կուսակցությունների մասին նոր օրենքը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված նոր փոփոխությունները փաստացի արգելում և քրեականացնում են ընդդիմադիր քաղաքական գործունեությունը, քանի որ առանց գրանցման գործունեությունը կդառնա անօրինական։ Գործնականում դա նշանակում է «բազմակուսակցական քաղաքական համակարգի» վերացում եւ փաստացի միապետության օրինականացում։

Այդ քայլերն ուղղված են ոչ միայն իրական ընդդիմության, այլ, ընդհանրապես, հասարակության դեմ, քանի որ դա բնակչությանը զրկում է խաղաղ ճանապարհով իշխանություն փոխելու իրավունքից։

«Ժողովուրդը, քաղաքացիական ակտիվիստները պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն կառավարության այս քայլերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

«Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը կհիասթափեցնի Իլհամ Ալիևին և սկզբունքային գնահատական ​​կտա Ադրբեջանում միակուսակցական համակարգ ստեղծելու փորձերին»,- եզրափակում է հայտարարությունը։