Կընդունվի թե չի ընդունվի Աղդամի ճանապարհով հումանիտար բեռնի տեղափոխումը, պետք է պատասխանի Արցախի ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այս խնդիրը միայն Հայաստանինը չէ, համամարդկային է։ Մենք այլ բան չունենք անելու, քան դիվանագիտական օղակներն օգտագործելը։ Եթե ոչ ամեն ինչ, ապա գրեթե ամեն ինչ արվում է, որ հարցի լուծումը գտնվի։ Հայաստանը միայնակ չի կարող Ադրբեջանի եւ Թուրիքայի համար այդ մակարդակի հարցի լուծման դեպքում ուժ ունենալ»,- նշեց Աղազարյանը։
Աղազարյանի խոսքով՝ պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ են եղել, սակայն այդ ժամանակ սոցիալական կյանքը չի սառել, հետեւաբար պետք չէ մեղադրել իշխանությանը փառատոններ եւ համերգներ կազմակերպելու համար։
«Լկտի սուտ է, թե իշխանություն չի ապրումակցում արցախցիներին։ Ուրիշ խնդիր կլիներ, եթե համերգները կազմակերպվեին Արցախի տրվող օժանդակության հաշվին։ Կարեւոր է փառատոնների իրականացումը, որ մարդիկ հասկանան՝ իշխանություն ունեն, որ համ այդ խնդիրներ է լուծում համ փառատոններով զբաղվում։ Պարզ է, բոլորիս վրա էլ ազդում է իրավիճակը, բայց միաժամանակ պետությունը պետք է կատարի իր ֆունկցիաները»,- ասաց Հովիկ Աղազարյան։











