Բաքուն տեսավ, որ հետպատերազմյան առաջին փուլը հաղթահարել ենք, երբ սկսեց մեզ մեղադրել, որ մենք ինչ-որ տեղից անօդաչու սարքեր ենք գնել եւ այլն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք ամեն ինչ չենք հաղթահարել, բայց եթե այս փխրուն խաղաղության ընթացքում բարձրացնենք բանակի մարտունակությունը, ապա վաղվա օրն ավելի հուսադրող կլինի։ Մենք պետք է դասեր քաղենք 44-օրյա պատերազմից։ Զինված ուժերը պետք է դառնան այնպիսին, ինչպիսին պետք է լինեին պատերազմից առաջ»,-նշեց Քոչարյանը։

«Ինչո՞ւ էին նախկինում ուշադրություն դարձնում միայն առաջին պաշտպանական գծին, մինչդեռ ԶՈւ գլխավոր շտաբը նախկինում քաղաքական իշխանությունների առաջ երկրորդ գծի ձեւավորման խնդիր էր դնում։ Եթե այդ գիծը լիներ, մեր տարածքային կորուստներն ավելի քիչ կլինեին»,-հավելեց Քոչարյանը։

Նա նշեց բանակում ծառայության գրավչության բարձրացման անհրաժեշտությունը։