Երեկվանից ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներն այսօր՝ օգոստոսի 29-ին, բողոքի ակցիա են անցկացրել նաեւ Կառավարության շենքի մոտ։ Ցուցարարների պահանջը կառավարությունից եղել է նույնը՝ անել ամեն բան, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի Լաչինի ապօրինի անցակետից առեւանգված երիտասարդներ Ալեն Գեւորգյանին, Վահե Հովսեփյանին եւ Լեւոն Գրիգորյանին վերադարձնելու ուղղությամբ։
«Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի, ՀՀ անձնագիր ունեցող 3 քաղաքացի առեւանգվել են Ադրբեջանի կողմից։ ՀՀ 1 քաղաքացի սովամահ է եղել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետեւանքով։ Հայաստանի բազում քաղաքացիներ չեն կարողանում բուժվել եւ մահանում են։ Արցախում ապրում է Հայաստանի անձնագիր ունեցող 120 հազար մարդ։ Այս իրավիճակի թիվ 1 մեղավորը Հայաստանի կառավարությունն է, որովհետեւ այս անձնագիրը կրողի հովանավորն է։ Իշխանությունը ոչ միայն բավարար ջանք չի թափում, այլեւ ավելի է իր հայտարարություններով ագրեսիվ դարձնում Ադրբեջանին։ Հայտարարություններով Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս ագրեսիան շատացավ։ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք դիմում ենք բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, բայց առաջնահերթ մենք դիմում ենք մեր իշխանությանը։ Ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, թույլտվություն է 120 հազար հայությանը կոտորելու»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։











