Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշեւը ներողություն Է խնդրել Ադրբեջանից։

Կույվաշեւը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի հետ կապված սկանդալը: Օգոստոսի 7-ին նա մասնակցել է չճանաչված Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի տոնակատարությանը, որի ստեղծողներին Ադրբեջանում համարում են անջատողականներ: Դրանից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, գրում է «Կոմերսանտ»-ը։

Կույվաշեւը ներողություն է խնդրել Ադրբեջանի ներկայացուցչից եւ հույս հայտնել, որ վեճը կլուծվի:

Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության ստեղծման գործով ձերբակալվել եւ դատապարտվել է 31 մարդ։

Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտայի մասին հայտարարել է օգոստոսի 27-ին: Պաշտոնական հայտարարության մեջ դիվանագետները նշել են, որ Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ Իգոր Վոլոդինի գործողությունը «քարոզում է անջատողականություն, արմատապես հակասում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաեւ վնասում է երկկողմ համագործակցությանը»։

Վոլոդինն ավելի վաղ թերթի հետ զրույցում ասել է, որ չի հասկանում Բաքվի վրդովմունքի պատճառը: «Երբ ինձ հրավերներ են գալիս մեզ մոտ բնակվող ցանկացած ազգության ներկայացուցիչներից, ես գալիս եմ այնտեղ եւ շնորհավորում։ Ես չեմ խորացել, թե ինչի հետ է կապված իրադարձությունը։ Հրավեր է գալիս, ես արձագանքում եմ դրան»,-նշել է նա՝ ենթադրելով, որ սկանդալը կարող է կապ ունենալ առաջիկա ընտրությունների հետ։