Հայաստանի և Արցախի խորհրդարանների հարաբերությունների ներկայիս մակարդակն անընդունելի է։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Նա ասաց, որ այս թեմայով քննարկումներ են եղել թե՛ հանրային, թե՛ ոչ հանրային կերպով։ 

Իշխանյանը նշեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանի և Արցախի միջև միջխորհրդարանական հարաբերություններ գործնականում չեն եղել, դրանք պատշաճ մակարդակի վրա չեն եղել։

Ալեն Սիմոնյանի՝ իրեն ուղղված շնորհավորանքը բանախոսը համարեց առաջին քայլը՝ Հայաստանի և Արցախի բոլոր գերատեսչությունների միջև հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։

Նա հորդորեց այս ամենը չդիտարկել անհատների կամ քաղաքական գործիչների հարաբերությունների համատեքստում։

Նրա կարծիքով՝ այս գործընթացի շարունակությունը պետք է լինի սեպտեմբերին միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի գումարումը, որը կարելի է առցանց կազմակերպել, եթե մինչ այդ ճանապարհը դեռ փակ լինի։

«Իմ և մեր կուսակցության (ՀՅԴ) վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ գաղտնիք չէ, սակայն շփումները պետք է դիտարկել ինստիտուցիոնալ համատեքստում՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների հարաբերությունների համատեքստում։ Ես միշտ կողմ եմ եղել ինստիտուցիոնալ հարաբերություններին։ Բայց, միևնույն ժամանակ, մենք երկու տարի հետևում էինք Հայաստանի՝ մեզնից հեռանալու գործընթացին, դա չպետք է թույլ տանք»,- հավելեց Իշխանյանը։

Նա մատնանշեց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման անհրաժեշտությունը, որն անցյալում դարձել է հաջողության գրավականը։

«Այս ճանապարհին Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է որոշակի գործառույթ ստանձնեն, որոնք, ցավոք, այդ ճանապարհին չեն։ Այսօր Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը միավորող դերում լավագույն դերակատարը հենց Արցախն է»,- եզրափակեց պատգամավորը։