«Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական առումով շատ կարևոր է. Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ «ոչ» ասի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկելուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին հայտարարել է անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ «Հայաքվե» նախաձեռնությամբ հավաքված 58 հազար ստորագրություն ԿԸՀ ներկայացնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ։
Նրա խոսքով, դեռ 90-ականներին Հայաստանի խորհրդարանը որոշել է, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ։ «Ներկայիս իշխանությունն ուղղակիորեն խոսում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։ Մենք դեռ նման ուժ չենք ունեցել՝ իրենց բոլոր դրական ու բացասական կողմերով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,- ասաց Մանուկյանը։
Նա աննախադեպ է անվանել ղարաբաղցիների հակազդեցությունը Աղդամով ճանապարհին օգնություն հասցնելու Ադրբեջանի փորձերին։ Ընդդիմադիրի խոսքով՝ այս օգնությունից հրաժարվել են սովի մատնված 120 հազար մարդիկ, այդ թվում երեխաներ ու ծերեր։ «Սա հերոսություն է և լավ օրինակ մեր ժողովրդի համար։ Միայն համառություն և ուժ դրսևորելով կարելի է իրավիճակը փոխել»,- ընդգծեց նախկին վարչապետը։











