2007թ. գտնված դեռահասի եւ կնոջ մասունքները 100%-ով պատկանում են թագաժառանգ Ալեքսեյին եւ նրա քրոջը` իշխանուհի Մարիային: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է  Ռուսաստանի քննչական կոմիտեի քրեական հետախուզության գլխավոր վարչության ավագ քննիչ-կրիմինալիստ Վլադիմիր Սոլովյովը: Նրա խոսքով` նույնականացման արդյունքները կասկածի ենթակա չեն:

Ինչպես տեղեկացնում է  NEWSru.com-ը,  Սոլովյովը տարակուսել է, որ մնացորդներն առ այսօր հողին չեն հանձնվել` նշելով, որ դա անմարդկային է: Կրիմինալիստի խոսքով` մասունքները հողին հանձնելու արարողության արագացմանը խոչընդոտում է ռուսական ուղղափառ եկեղեցին:

Հիշեցնենք, որ 2007թ. Կոպտյակովյան ճանապարհից ոչ հեռու հայտնաբերվել էին դեռահասի եւ երիտասարդ կնոջ մարմնի մասերը: Փորձաքննությունների արդյունքում պարզվել էր, որ դրանք պատկանում են թագաժառանգ Ալեքսեյին եւ իշխանուհի Մարիային: Ավելի շուտ` 1991թ., գտնվել էին Նիկոլայ II-ի, նրա կնոջ` Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, դուստրեր` Օլգայի, Տատյանայի եւ Անաստասիայի, ինչպես նաեւ ցարական արքունիքի մի շարք անձանց մնացորդները: