Սեպտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին ժամանած Կաթոլիկ Եկեղեցու մի խումբ հոգևորականների՝ գլխավորությամբ Վատիկանի քրիստոնեական միության խրախուսման հանձնախմբի Արևելյան եկեղեցիների բաժնի քարտուղար Հայր Հիակինթոս Դեստիվելի։
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց վերջիններիս։
Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ փոխհարաբերություններին և արդյունավոր համագործակցությանը:
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա ծանր իրավիճակին, մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ շարուկավող ոտնձգություններին և Արցախի ամբողջական շրջափակմանը, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է հումանիտար աղետի առջև։ Հայոց Հովվապետը խոսեց նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառնգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության մասին։
Ամենայն Հայոց Հայրապետը նաև վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի զավակները Աստծո օգնականությամբ, քրիստոնեական զորեղ հավատքի և բարեկամ երկրների շնորհիվ կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու փորձությունները։
Իր հերթին Հայր Հիակինթոս Դեստիվելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց կաթոլիկ հոգևորականների խմբի Հայաստան և Մայր Աթոռ կատարած ճանաչողական այցի մանրամասների վերաբերյալ։





























