Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում, իսկ հետո անցնում դիվանագիտական ​​դաշտում ակտիվության՝ ցույց տալու, որ եթե դիվանագիտական ​​ճանապարհով չհասնի իր ուզածին, ապա նոր ագրեսիա կլինի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Ըստ նրա, Սոթքի ուղղությամբ ագրեսիան կարող է պայմանավորված լինել հանքի աշխատանքը խաթարելու և Հայաստանին տնտեսական վնաս պատճառելու ցանկությամբ։

«Սակայն ագրեսիան կարող է լինել ցանկացած այլ ուղղությամբ։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չկարողանանք իրական պաշտպանություն կազմակերպել։ Հենց Բաքուն հասկանա, որ իր համար խաղաղությունն ավելի գերադասելի է, քան պատերազմը, կդադարեցնի սադրանքները»,- ասել է Կիվիրյանը։

Միևնույն ժամանակ հայկական կողմը կանգնած է վատի և վատթարի ընտրության առաջ, կարծում է նա։

«Հայկական կողմը պետք է ժամանակին ճիշտ հաշվարկեր խոշոր խաղացողների շահերը և չհայտնվեր ստեղծված իրավիճակում։ Շատերին թվում է, թե  ընկնելու տեղ էլ չկա, բայց դա այդպես չէ։ Էլ ավելի դժվար ժամանակներ են սպասվում»,- ասել է վերլուծաբանը։