Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 13-ին, ընդունել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոնալդ Քենեթ Նոբլին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախագահը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլոբալ առաքելությունը:
«Մենք առանցքային ենք համարում Կազմակերպության դերը հանցավորության դեմ պայքարում, ուստի ցանկություն ունենք է´լ ավելի խորացնել մեր հարաբերությունները ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության հետ համատեղ աշխատանքը Հայաստանում դիտարկվում է նաեւ որպես մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հնարավորություն: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ռոնալդ Քենեթ Նոբլի անձնական ներդրումը ԻՆՏԵՐՊՈԼ-ի արդիականացման գործում:
ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը եւ ԻՆՏԵՐՊՈԼ-ի հետ նրա կապող օղակ հանդիսացող Ազգային կենտրոնական բյուրոն մեծ հեղինակություն ունեն Կազմակերպությունում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԻՆՏԵՐՊՈԼ-ի գլխավոր քարտուղարությանը` Ազգային կենտրոնական բյուրոյին մշտական աջակցության համար եւ ընդգծել, որ հանցավորության դեմ պայքարի գործում համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է:




























