Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ 5 տոկոսով նվազել են օրենքների խախտման դեպքերի ընկալումները բուհական համակարգում: Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտարարելով այդ մասին` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն կառավարության հաստատմանը ներկայացրեց կրթության պետական տեսչության լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծ:

Նախագծով տեսչությանը իրավունք է տրվում նաեւ վերահսկել միջին եւ բարձրագույն մասնագիտական ոլորտները: Այսպիսով, ըստ Աշոտյանի, կիրականացվի միասնական վերահսկողական քաղաքականություն կրթական բոլոր մակարդակներում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հավելեց, որ թեեւ իսկապես կոռուպցիան բուհերում նվազել է, բայց դեռեւս բարվոք վիճակում չենք գտնվում: Ըստ վարչապետի` 2011 թ. բուհերի ընդունելության քննություններն աննախադեպ էին, եւ նպաստեցին հասարակության վստահության աճին: