Դանիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 1-ին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Բարբինին, որ Կոպենհագենում Ռուսաստանի դեսպանատան հաստիքային թվաքանակը պետք է կրճատվի Մոսկվայում Դանիայի դեսպանատան հաստիքին համապատասխան մակարդակի:

Մասնավորապես, այս որոշումը նախատեսում է Ռուսաստանի դեսպանատան թվաքանակի սահմանափակում մինչեւ 5 դիվանագետ եւ 20 մարդ վարչատեխնիկական անձնակազմ:

«Երկար ժամանակ Դանիան եւ Ռուսաստանը բանակցություններ էին վարում Մոսկվայում Դանիայի դեսպանատան դանիացի աշխատակիցներին մուտքի արտոնագրեր տրամադրելու շուրջ՝ Դանիայում եւ Ռուսաստանում նորմալ գործող դեսպանատները պահպանելու նպատակով։ Այս բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, քանի որ ռուսական կողմը բազմիցս փորձել է դրանցում ներառել ռուսական հետախուզության աշխատակիցներին մուտքի արտոնագրեր տրամադրելու հարցումները:

Մոսկվայում Դանիայի դեսպանատան եւ Կոպենհագենում Ռուսաստանի դեսպանատան միջեւ հավասարության որոշման արդյունքում վերջինս պետք է կրճատի իր ներկայիս աշխատակազմը: Այս կրճատումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան 2023 թվականի սեպտեմբերի 29-ը»,- նշվում է Դանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։