Մենք երեք տասնամյակից ավելի հաստատել ենք Արցախի անկախությունը, մարդու ազատ արարելու եւ ապրելու իրավունքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Եթե մեր տղաները գիտակցել են, թե ինչ է խիզախությունը, եւ դրանով հասել անկախության, ուրեմն անկախությունն առաջնահերթ խիզախությունն է եւ երջանիկ ապրելը։ Վերցնել այդ անկախությունը, դուք ասեք՝ ինչ է կոչվում։ Անկախությունը դեպի հավիտենություն տանող ճանապարհն է։ Անկախության նյութական շերտին մենք ֆիզիկական նվիրումով հասանք, հոգեւորը, սակայն, մենք չհասկացանք, որ անկախությունը մեծ գանձ է, որի հետ պետք է լինի մեր սիրտը եւ որը պետք է պահենք, բայց մենք դա չընկալեցինք ու չպահեցինք, դրա համար չարն այսօր որոշել է, որ անկախությունը պետք չէ Արցախին»,- նշեց նա։











