Նույնիսկ այսօր, երբ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում կառավարման համակարգում, այն պետք է նայել դրական տեսանկյունից, որովհետև այնտեղ տեսնում ենք որոշակի խնդիրներ, հարաբերություններ, անհամաձայնություն քաղաքական էլիտայի գործողություններում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, Արցախի խնդրով պետք է ռազմավարություն մշակվի: Կոչ անելով մասնակցել այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ Օհանյանն ասաց. «Հանրահավաքն այնքան հուժկու պետք է արվի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու և Արցախի ինքնորոշման հարցն առաջ տանելու համար:
ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նաև անդրադարձավ ադրբեջանական այն կեղծիքին թե Արցախում կա ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներ:
«Արցախի տարածքում ՀՀ զինված ուժեր չկան, Արցախի տարածքում կան հայկական զինված ուժեր, բայց դրանք արցախյան զինված ուժերն են՝ Արցախի Պաշտպանության բանակը, որը ստեղծվել է իր ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար՝ դեռևս առաջին պատերազմի տարիներին, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան ադրբեջանցիները սանձազերծել են պատերազմական գործողություններ»,-ասաց նա:
Օհանյանը հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում իր կայուն զարգացումն ապահովելու:
«Այս իրականությունում, երբ Հայաստանի և Ադրբեջանի մեջ գոյություն ունի կեղծ խաղաղության օրակարգը և Ադրբեջանի հռետորաբանությունը, նրա սանձարձակ գործողությունները, ագրեսիայի բոլոր միտումները, ռազմական գործողությունները, որոնք ամեն անգամ մենք տեսնում ենք, խոսում են նրա մասին, որ նա խորամանկ քայլերի է դիմում՝ փորձելով անընդհատ ճնշել Արցախի և ՀՀ-ի վրա: Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահար նպատակը Հայաստանի չգոյությունն է այս տարածաշրջանում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Ադրբեջանը նպատակ ունի սեղմել օղակը հայ ժողովրդի շուրջ ու երեկվա դեպքերով միգուցե նպատակ են ունեցել շեղել ուշադրությունն այսօրվա հանրահավաքից. «Կոչ եմ անում այսօր լինել Ազատության հրապարակում, գտնում եմ, որ այդ հանրահավաքը պետք է այնքան հուժկու լինի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու առումով։ Արցախն իրականում ինքնորոշվել է Խորհրդային միության փլուզումից հետո ու իր պատմական տարածքում իր իրավունքների շրջանակներում իրականացրել է իր գոյութենական խնդիրը՝ այս ճանապարհին ստեղծելով Պաշտպանության բանակ։ Այս իրականության մեջ, երբ մեր տարածաշրջանում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գոյություն ունի կեղծ խաղաղության օրակարգը, Ադրբեջանի սանձարձակ գործողությունները վկայում են նրա մասին, որ Ադրբեջանը, խոսելով խաղաղության մասին, փորձում է ազդել Հայաստանի ու Արցախի վրա»,- ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հեռահար նպատակն Արցախի հայաթափումն է ու Հայաստանի գոյություն չունենալը տարածաշրջանում։











