Բոլոր բարձունքները Սոթքի ուղղությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են և նրանք ոչ թե նոր բարձունքներ են ուզել գրավել, այլ վնաս և կորուստ պատճառել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Որքանով ես եմ տեղյակ այդ ուղությամբ գրեթե բոլոր բարձունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Կարծում եմ, որ այս իրավիճակում Ադրբեջանի գլխավոր խնդիրը եղել է վնաս ու կորուստ պատճառելը։ Առաջնագծի բոլոր հատվածներն իրենց մեջ այսպիսի ռիսկ են պարունակում, հատկապես, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային միջավայրը կարող ենք մուգ գույներով նկարագրել։ Իրավիճակը բնականաբար նոր զարգացումների կարող է բերել։

Ադրբեջանն իր խնդիրները փորձելու է լուծել ցանկացած գնով, սրա հետ կապված Ադրբեջանի նախագահը բաց տեքստով հայտարարել է, որ իրենց խնդիրների լուծման հարցում կանգ չեն առնելու միջոցների առաջ, և որ ուժի կիրառումն ընդունված մեթոդ է»,-ասաց նա:։