Բոլորս պետք է հանձնառու լինենք իրավիճակ փոխելու, ինչպես եւ ովքերով՝ այլ հարց է, բայց բոլորս պետք է լինենք միասնական, որովհետեւ միայն միասանակությունը կարող է բերել հաջողության։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Արցախի անկախության 32-րդ ամյակում մենք ծանրագույն իրավիճակում ենք հայտնված։ Արցախիցներն իրենց բաժին պայքարը տանում են, մենք էլ պարտավոր ենք այդ կամքի իրացնողը դառնալ»,- նշեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կապ ունի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ, Թանդիլյանն ասաց, որ նախքան Վարդանյանի Արցախ գնալն էլ Հարությանը ցանկություն է ունեցել հրաժարական տալու․ «Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկվել։ Կա հրաժարական, կա սահմանդրություն, որը լուծումներ է առաջարկում։ Պետք է հարցը լուծենք առանց ավելորդ լարվածության»։
Թանդիլյանի կարծիքով՝ բարձրագույն ղեկավարության հրաժարականը նաեւ Հայաստանում կարող է իրավիճակ փոխել։
«Անգամ եթե ստեղծված իրավիճակն էլ մի կողմ թողնենք, սեպտեմբերի պատերազմը եւ կրած պարտությունն այս ուժի օրոք, այլեւս հնարավորություն չի տվել տվյալ անձին բանակցել որակով եւ արժանապատիվ։ Մարդիկ որոշել են՝ չեն գնալու, դրա համար Հայաստանը եւ Արցախը անընդհատ զիջումների է գնում։ Բանակցողը պետք է փոխվի, սա է իրավիճակը պահանջում։ Վտանգ է սպառնում նաեւ Հայաստանի, բոլոր մարզերը վտանգված են, Երեւանին մոտենում, մարդիկ բացահայտ իրենց քարտեզները Հայաստանի տարածքում են նկարում։ Պետք է հասկանանք՝ այդ մարդիկ չունեն խաղաղության օրակարգ եւ չեն էլ ուզում ունենալ»,- ընդգծեց նա։











