Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լեւոն Մանուկյանը «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքը շատ ադրբեջանցի ընկերներ ունի, որոնց հետ կարելի է շփվել:

«Ես ինքս ծնունդով Բաքվից եմ: Այնտեղ եմ ծնվել ու մեծացել, հետո ստիպված էի հեռանալ: Ես շատ լավ գիտեմ ադրբեջանցիներին: Ես իմ դասընկերների հետ մինչ օրս էլ ընկերություն եմ անում: Ես անգամ սոցիալական ցանցերում լուսանկարներ ունեմ իմ դասընկերների հետ, որտեղ եւ ադրբեջանցիներ եւ այլ ազգության ներկայացուցիչներ կան: Մեր դասարանում 13 ազգության 36 աշակերտ կար: Ոչ ոք երբեք չի մտածել, թե ով ինչ ազգություն ունի: Բայց վերջին 20 տարում մեր հանրապետությունների միջեւ, երեւի ոչ առանց պաշտոնական կառույցների, քարոզչական մեքենայի, անդունդ է առաջացել»,- ասել է Մանուկյանը:

«Ինչպես անենք, որ ես կարողանամ այցելել այն վայրերը, որտեղ ես ժամանակին մեծացել եմ: Եթե մենք հասնենք այդ մակարդակին, ապա կարող ենք անցնել հաջորդ փուլին: Բայց դա, ցավոք, չկա: Ես մտավախություն ունեմ, որ այս անդունդը մեծանում է ոչ առանց քարոզչական մեքենայի` պաշտոնական կամ ոչ պաշտոնական»,- կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը:

Նրա խոսքով, տեղեկատվական դաշտում, երիտասարդների շրջանում ակտիվորեն ներարկվում է թշնամու կերպարը: «Ո՞վ է ռուսական միջավայրում թշնամի: Դրանք կովկասցիներն են, Միջին Ասիայի բնակիչները, բայց Ռուսաստանի հարաբերություններն անհամեմատ վատ են Բալթյան երկրների, Արեւմուտքի ու ԱՄՆ-ի հետ: Ես երբեք չեմ լսել, որ սքինհեդները ծեծեն ամերիկացու, օրինակ նրա համար, որ նրանք ռադիոլոկացիոն կայան են տեղադրել ի վնաս Ռուսաստանի շահերի»,- նկատել է Մանուկյանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթը: