ԼՂ հայության անվտանգության և իրավունքների երաշխիքներ չկան: Այս մասին  La Repubblica թերթի լրագրողին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներին կվերաբերվեն որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացի, որովհետև Ադրբեջանի կողմից հայերի դեմ հայտարարությունները կարող են մտահոգություններ առաջացնել այս հարցում: 


«Եթե երաշխիքներ ունենայինք, մենք չէինք խոսի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ եթե այդ հարցը բարձրանում է և եթե մենք այսօր խոսում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է՝ այդ երաշխիքները չկան: Հենց ամբողջ պրոցեսը և՛ այդ երաշխիքների բացակայությունն է, և՛ Ձեր նշած հարցի գոյությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառ է դարձել և արգելք է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքով՝ հենց այդ երաշխիքների բացակայությունն է պատճառը, որն ապացուցվում է այսօրվա իրավիճակով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում.
«Դա է հենց պատճառը, որ մենք ասում ենք՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչո՞ւ ենք այդպես ասում, հենց Ձեր նշածի պատճառով, երաշխիքների բացակայության պատճառով: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, պայմանավորվի այդ երկխոսության շրջանակներում, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային: Հենց դա է, եթե Ձեր նշած երաշխիքները լինեին, հակամարտություն չէր լինի: Հենց Ձեր նշած երաշխիքների բացակայությունն է, որ պատճառ է այսօրվա իրավիճակի, պատճառ է երեկվա իրավիճակի, պատճառ է 5 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 10 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 20 տարի առաջվա իրավիճակի»,- ասել է Փաշինյանը: