Հայաստանում դատարանները մեծապես կախված են գործադիր իշխանությունից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, Գյումրիում հայտարարել է Ամերիկյան խաղաղության կորպուսի համակարգող Ջոն Քելին: «Ես երկու տարի շարունակ ուսումնասիրել եմ Հայաստանի դատական ոլորտը, այն մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում»,- հավելել է նա:
Գյումրիի տնտեսագիտական համալսարանն այսօր հյուրընկալել էր «Միջազգային կրթության խորհուրդներ» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին: Վերջիններս հանդիպում են ունեցել Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների, ինչպես նաեւ իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Կազմակերպության ներկայացուցիչները ուսանողներին եւ ներկա իրավաբաններին ներկայացրել են այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում: Մասնավորապես «Միջազգային կրթության խորհուրդներ» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ Նանե Աբրահամյանը ներկայացրել է ԱՄՆ-ի դատական ոլորտում իրականացվող մշտական բարեփոխումների մասին, որոնք նրա գնահատմամբ ուղղված են օրենսդրական դաշտը կարգավորվելուն, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում:
«Առաջին հերթին անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ»- հանդիպման ժամանակ նշել է տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքով, իրականությունն այն է, որ Հայաստանում ավելի շատ խոսում են բարեփոխումների մասին, քան դրանք իրականացնում: Արտակ Մանուկյանի գնահատմամբ, դրական արդյունքի հասնելու համար փոփոխությունները պետք է սկսել վերեւից ներքեւ:
Ամերիկյան խաղաղության կորպուսի համակարգող Ջոն Քելին հանդիպման վերջում անրադարձել է նաեւ վերջին շրջանում հայաստանյան մամուլի նկատմամբ դատական հայցերի թվի կտրուկ աճին` նշելով, որ դա խոսում է այն մասին, որ Հայաստանը հեռու է ժողովրդավարական կոչվելուց:




























