Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք հանդիպմանը մանրամասն կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, հայտնում է TRT Haber-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ օրակարգի ամենագլխավոր հարցը լինելու է «հացահատիկի միջանցքը»։
Ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներն այս հարցը կդիտարկեն ավելի «ռազմավարական» տեսանկյունից, գրում են թուրքական լրատվամիջոցը։
Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում կլինի նաև ռուսական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու նախագիծը։
Կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային իրադարձությունները, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմը։
Սպասվում է, որ առաջին պլան կգա նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին Սոչիում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։





























