Արցախում կողային պայմանավորվածություններ են ձեռք բերում 3 հոգով, ոնց որ տեսաք, կարելի է պայմանավորվեն և Հայաստանից ոմանք, Արցախում փոխեն նախագահ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականին: 

«Բայց դա ոչ թե Արայիկ Հարությունյանին պարտադրեցին, այլ Արայիկ Հարությունյանն էլ իրենցից մեկն է, հիմա դերը տված էր, նա չկարողացավ մինչև վերջ խաղալ, փոխեցին, բերում են նոր դերակատար։ Սա այլ խնդիր է, բայց որ Արցախի հանրությունը ամսի 8-ին, որը լինելու է ընտրությունների օրը, ամսի 8-ին պետք է ցույց տա, որ երեք հոգի նկուղում չեք կարա որոշում կայացնեք, դա փաստ է, դա է խնդիրը։ Մենք կարո՞ղ ենք դրան հասնել, թե ոչ, և Արցախում այլևս չլինի նման ձևի որոշումներ, սրա մասին պետք է բոլորս մտածենք»,-ասաց նա:

Հարցին, թե իրեն խմբակցությունը Արցախի ԱԺ-ում կո՞ղմ է քվեարկելու Սամվել Շահրամանյանի թեկնածությանը նախագահի պաշտոնի համար, Սամվել Բաբայանը պատասխանել է. «Մեր խմբակցությունն ամբողջովին կմասնակցի նիստին, բայց չի քվեարկի, մնացած բոլորն, ովքեր պետք է քվեարկեն, նրանք անմիջապես կրելու են պատասխանատվություն, որ սեփական ժողովրդի ճակատագրով խաղում են։ Շատ լուրջ պատասխանատվության առաջ են, պետք է հազար անգամ մտածեն, մի անգամ կտրեն, հակառակ դեպքում շատ դաժան է լինելու, որովհետև մենք չգիտենք վաղն ինչ է լինելու, որովհետև եթե Արցախում երեք հոգի նկուղում նստում եք որոշում, որ ինչ-որ մեկը դառնա նախագահ ու բերում պառլամենտում ասում՝ այ էս մարդուն պետք է ընտրեք, խնդիրն էդ անձը չի, խնդիրը նա է՝ այդ երևույթը, որը Երևանից թելադրվում է։ 

Արցախում ստեղծում ենք մի խմբակ, որը պայքարում է Հայաստանի իշխանությանը փոխելու համար։ Հայաստանի իշխանությունը թող դե փոխվի՝ դուրս գան ազգով, ժողովուրդով էդ իշխանությունը փոխեն, Ղարաբաղն ինչի՞ եք դնում հարվածի տակ»:

Խնդրանքին՝ նշել այդ երեք հոգու անունները, Սամվել Բաբայանն ասել է. «Իմս ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել, իրենց ովքե՞ր են թելադրել Երևանից կամ տեղում, դա արդեն տեղյակ չեմ»: