Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմետ Յըլմազը Ադրբեջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը:
«Մենք Ադրբեջանի հետ ընդլայնված եւ երկարատեւ համագործակցություն ենք ակնկալում: Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանական ոլորտում առաջընթացը, անկասկած, կապահովի նաեւ մեր համագործակցության զարգացումը: Այսօր մենք մեր ռազմական համագործակցության լույսի տակ այլ կերպ ենք նայում ապագային: Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները բոլոր ոլորտներում մենք ծրագրում ենք տեղափոխել պաշտպանության ոլորտում համագործակցության դաշտ: Հարցերից մեկը, որը քննարկվելու է այցի ժամանակ` Լեռնային Ղարաբաղի խնդիրն է»,-հաղորդել է նա ԱՊԱ-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` «ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Թուրքիան իր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին է»: «Մեր նախագահն ու վարչապետն այդ մասին հստակ ասել են տարբեր այցերի ժամանակ: Ես կրկնում եմ, որ մեզ համար առաջնային է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումը: Մենք հետաքրքրությամբ ենք հետեւում Մինսկի խմբի գործունեությանը: Հուսով ենք, որ առաջիկայում համանախագահ երկրները կրկին կակտիվացնեն իրենց գործունեությունն այդ ուղղությամբ: Այս փուլում խաղաղ գործընթացին ուշադիր հետեւելը եւ ժամանակավոր շրջանակների հստակեցումը նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, քանի որ այդ հակամարտությանը կարող են վերջ դնել այս երկու կողմերը»,-եզրափակել է նա:




























