Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախ մթերքների մատակարարումների լիակատար դադարեցման ֆոնին ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) ներկայացուցիչը ճամարտակում է Բաքվի հետ համագործակցելու մասին։

Trend-ի հարցազրույցում Ադրբեջանում FAO ներկայացուցիչ Մուհամադ Նասար Հայաթը այդ երկրում գյուղատնտեսական սեկտորի հեռանկարները գնահատել է «հիրավի մասշտաբային»։

Ըստ պարբերականի՝ ՄԱԿ ներկայացուցիչն անգամ հայտարարել է «Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացմանն աջակցելու» պատրաստակամության մասին։

«Մենք աշխարհի այլ երկրներում գյուղատնտեսության զարգացման եւ հետկոնֆլիկտային գոտիներում վերականգնման մեծ փորձ ունենք։ Այդ շրջանները շատ դժվար ժամանակներ են ապրում, եւ գյուղատնտեսության վերականգնումն այդ շրջաններում շատ կարեւոր է»,- մեջբերել է պարբերականը։

Նա նաեւ ավելացրել է, որ «հետագայում FAO-ն կարող է տեխնիկական փորձաքննություն, պոտենցիալն ավելացնելու փորձ եւ ցանկացած օգնություն տրամադրել, ինչն անհրաժեշտ է կառավարությանն աջակցելու համար՝ իր ենթադրվող ռազմավարությունն իրականացնելու նպատակով»։ Ինչպես նշել է Մուհամադ Նասար Հայաթը, FAO-ն աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին ամբողջ աշխարհում նրա պարենային ապրանքներն արտահանելու գործում։

Այսպիսով, մարդու իրավունքների պաշտպանությանը կոչված կազմակերպության ներկայացուցիչը հերթական անգամ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել՝ թելադրված երկակի չափորոշիչներով։ Շրջափակման ամբողջ ընթացքում՝ անցած տարվա դեկտեմբերից մինչեւ այսօր, ՄԱԿ ոչ մի ներկայացուցիչ չի բարեհաճել այցելել Արցախ։ Եթե համագործակցության մասին հարցազրույցի փոխարեն FAO ներկայացուցիչը բարեհաճեր ծանոթանալ Արցախում տեղի ունեցողին եւ Բաքվից պահանջեր  դադարեցնել հանցավոր գործողությունները, եթե ՄԱԿ-ը ամորֆ կոչերի փոխարեն փորձեր պատժամիջոցներ կիրառել հանցագործի դեմ, Բաքուն կչափավորեր ախորժակը, իսկ հանցագործի հետ «համագործակցության» ներկա իրավիճակում ՄԱԿ-ն ինքն է դառնում հանցագործության համամասնակից։