Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի և Իրանի միջև, լուրջ հակամարտություն է, լուրջ պառակտում երկու ազգերի միջև, որոնք օտար չեն միմյանց: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

Նա նշել է, որ Իսրայելը ներգրավված է այս հակամարտության մեջ, որի համար չափազանց ձեռնտու է Բաքվի և Թեհրանի միջև այս սեպը ավելի ու ավելի խորացնելը։

Իսրայելի համար սա բացառիկ հնարավորություն է՝ շատ մոտենալու իրանական սահմանին՝ Իրանի համար դրանից բխող բոլոր հետեւանքներով, հավելել է Ջուման։

«Իրանցիները դա քաջ գիտակցում են, և չի կարելի ասել, որ հանգիստ են վերաբերվում դրան։ Թեհրանը չափազանց տագնապած է այս փաստից, և նրանց համար ամենաարդիականն այս հարցն է՝ Ադրբեջանի և Իսրայելի փոխգործակցության հարցը։

Այն, որ իրանցիները չեն շտապում որևէ հրապարակային քայլ անել, վկայում է այն մասին, որ նրանք չափազանց լուրջ են տրամադրված, դիտարկում և մշակում են հնարավոր պատասխանը, եթե հանկարծ այս ուղղությամբ անբարյացակամ արարք, ագրեսիա իրականացվի։

Ես հաստատ գիտեմ, որ Իրանում մեծ ուշադրություն են դարձնում սրան, իրանցիները շատ անհանգստացած են այս իրավիճակից։ Իսրայելը, ԱՄՆ-ը և Իրանի մյուս թշնամիներն առավելագույնս կօգտագործեն ստեղծված իրավիճակը։ Նրանք հակամարտություններ հրահրելու պրոֆեսիոնալներ են, այդ թվում՝ ներքին»,- շեշտեց լրագրողը։