Ադրբեջանի իշխանությունները «հայկական հատուկ ծառայություններին դիմակայելու» անվան տակ արգելել են սոցցանցերում հրապարակել ցանկացած տեսանյութ ադրբեջանական բանակի մաիսն։

«Սոցիալական ցանցերում Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի հետ կապված տեսանյութերի տարածումը լուրջ իրավաբանական պատասխանատվություն է ենթադրում»,- նշվել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ)  մամուլի ծառայության հայտարարությունում, տեղեկացրել է Trend-ը։

«Վերջին օրերին Թելեգրամ-ալիքների սեգմենտում՝ կապված Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, տեղադրվում են սոցցանցերի միջոցով ադրբեջանական բանակի զորամիավորումների, դրանց տեղակայման, տեղաշարժերի, մարտական եւ մոբիլիզացիոն պատրաստվածության, սպառազինությունների, ռազմական տեխնիկայի  հետ կապված տեսակադրեր տարածելու կոչեր։ Պետական անվտանգության ծառայությունը վերահսկում է այդ դեպքերը, եւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն այն անձանց նկատմամբ, ովքեր  նման գործողությունների նախաձեռնություն կցուցաբերեն։ Հայտարարում ենք, որ անթույլատրելի է կատարել եւ տարածել տեսագրություններ, որոնք լուրջ վնաս կհասցնեն ազգային անվտանգությանն ու մեր երկրի պաշտպանունակությանը, կպարունակեն տեղեկություն Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի եւ պետական գաղտնիքի մասին, կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ նման արարքներից։

Միեւնույն ժամանակ,  ընդգծում ենք, որ նշված հակաիրավական գործողությունների միտումնավոր կատարումը հետաքննության առարկա կհանդիսանա պետական գաղտնիքի հրապարակման, իսկ որոշ դեպքերում՝ պետական դավաճանության մասով եւ կենթարկվի իրավաբանական համապատասխան միջոցների»,- նշվել է ՊԱԾ հայտարարությունում։