Արցախի խորհրդարանի 5 ուժերից 4-ի նախագահի թեկնածուն մի քանի օր առաջ պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։
Այդ խմբակցություններն են ՀՅԴ-ն, Ազգային դեմոկրատական կուսակցությունը, «Արդարությունը» եւ իշխող ‹Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն:
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ «Արդարություն» խմբակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին որոշումը կայացվել է խմբակցության նիստի ընթացքում:
Նշենք, որ գործող պետնախարարն այս 4 ուժերի հետ երեկ հանդիպել է, իսկ ընտրության առաջին փուլը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահը հանդես կգա նիստի օր նշանակելու վերաբերյալ հայտարարությամբ:
Սամվել Շահրամանյանը, ըստ տարբեր աղբյուրների, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի մտերիմներից է։ Երբ Սահակյանը նախագահ էր, Շահրամանյանը Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր։
Իսկ ահա Արցախի ԱԺ մեծությամբ երկրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիքը» որոշել է չմասնակցել քվեարկությանը: Նրանք նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել։
«Չի կարելի թույլ տալ, որ բերեն մի մարդ դնեն ասեն՝ էս է, ուզում եք ընտրեք, ուզում եք մի ընտրեք, չընտրեք 10 անգամ դնելու ենք մինչև ընտրեք: Իմը ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր իրար հետ՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան միասին անց են կացրել, այդ որոշումը կայացրել», - ասել է Սամվել Բաբայանը:
Նկատենք, որ առաջին փուլով Շահրամանյանին ընտրելու համար չորս խմբակցությունների ձայները բավարար են։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։





























