Այս օրերին, Արցախում տեղի ունեցող իրական քաղաքական գործընթացները և փոփոխությունները հոգեխանգարմունքի մեջ են գցել մի կողմից նիկոլականներին՝ սկսած քոչարյանանդոններից, վերջացրած բաբաջանյանարմաններով, մյուս կողմից էլ Արցախում գործող իրենց արբանյակներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդվող այս տանդեմը շատ լավ հասկանում է, որ Արցախում պայքարող ուժերի հաղթանակը պարտություն է դառնալու անձամբ իրենց համար։
Փաստացի պարզ է դառնում, թե ով է դեմ Արցախի սուբյեկտայնությանը, ով է փորձում Ստեփանակերտը պահել հանձնվողի դերում, և բան ու գործ թողած քննադատում են, որ Արցախում քաղաքական պրոցեսներ են գեներացվում, որ Արցախը փորձում է մեջքը ուղղել և այլն: Ուստի ոչինչ չի մնում սրանց քան գործել նույն ձեռագրով՝ խաղալ զանգվածային հույզերի հետ և դիսկուրսը պահել «ներկա-նախկին թեզի մեջ»՝ թույլ չտալով որևէ բովանդակային հարցի քննարկում և լուծում:
Սակայն փաստ է, որ այլևս Արցախից միանգամայն այլ ուղերձներ են հղվելու համայն հայությանն ու արտաքին աշխարհին։ Այս հանգամանքը վստահաբար բերելու է Արցախի սուբյեկտայնության և ժողովրդի պայքարի կամքի ուժեղացմանը, ինչը կարմիր քարտ է ինտեգրման ջատագովների համար»:





























