Այս պահին շատ քիչ մարդ է հավաքված Ստեփանակերտի հրապարակում, եւ դա ցույց է տալիս, որ Արցախում ապրող հայերը շատ լավ իմաստուն մարդիկ են եւ գիտեն՝ որն է կարեւորը այս իրավիճակում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը:

«Բոլոր ներքին հրահրողները պետք է հասկանան, որ իրենք աջակցում են թշնամուն իրենց գործողությամբ: Ես ուզում եմ նորից շնորհակալության խոսք ասել արցախցիներին, որոնք չնայած բոլոր դժվարություններին, բոլոր դժգոհություններին, պետությունը հարգող, սիրող եւ պետության նկատմամբ հարգանք ունեցող հայեր են եւ դա շատ կարեւոր է: Մենք պետք է մեր պետությունն ամեն կերպ պաշտպանել: Եկեք գնահատենք մեր պետությունը, ինստիտուտները չքանդենք եւ պետությունը չկորցնենք, ինչպես ունեցել ենք պատմական տարբեր ժամանակաշրջաններում»,-ասաց Ռուբեն Վարդանյանը: 

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել, որտեղ ԱՀ նախագահ է ընտրելու: ԱԺ 4 քաղաքական ուժեր առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» խմբակցությունը՝ Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինիս դիմումը մերժվել է:
Սամվել Բաբայանը կոչ է արել այսօր հավաքվել Ստեփանակերտի հրապարակում եւ թույլ չտալ, որ «մի քանի հոգի ԱԺ-ում նախագահ փոխեն»: «Եթե Արցախի հասարակությունը դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին եւ ասի՝ էս մարդն է լինելու նախագահը»,-ասել է Բաբայանը:

Նախօրեին հայտարարություններով են հանդես եկել Արցախի ԱԺ նախագահը, Արցախի նախագահի աշխատակազմը, ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք կոչ են արել հանրությանը չտրվել սադրանքների եւ դուրս չգալ փողոց՝ հիշեցնելով, որ Ռազմական դրության մասին օրենքի դրույթների համաձայն հավաքներն արգելված են Արցախում: