Եվրամիությունը շաբաթ օրը Ռուսաստանին մեղադրել է «ցինիզմի» մեջ, որը դրսեւորվել է սեւծովյան հացահատիկային գործարքից դուրս գալով, նա հայտարարել է, որ աֆրիկյան երկրներին միլիոն տոննա հացահատիկի մատակարարման առաջարկը «առատաձեռնության պարոդիա» է, տեցեկացրել է Reuters-ը։

Ելույթ ունենալով Նյու Դելիում ընթացող G20-ի ամենամյա գագաթաժողովին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հացահատիկի գործարքի շրջանակում խոցելի երկրներն ստացել են 30 անգամ ավելի շատ հացահատիկ, քան Ռուսաստանն առաջարկել է Աֆրիկային։

«Ինչ ցինիզմ... Դուք դա չեք ընդունել»,- ասել է Միշելը՝ մեկնաբանելով հացահատիկի գործարքը եւ դիմելով գագաթաժողովում Ռուսաստանի ներկայացուցչին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

«Դուք ոչ միայն որոշեցիք դուրս գալ Սեւ ծովով հացահատիկի տեղափոխման այդ համաձայնագրից, այլեւ միաժամանակ գրոհում եք նավահանգստային ենթակառուցվածքը,- ավելացրել է Միշելը։- Դուք արգելափակում եք նավահանգիստները, որոնք դեպի Սեւ ծով եւ անգամ Դունայ ելք են տալիս»։

Աֆրիկյան երկրներին 1 մլն տոննա հացահատիկի ՌԴ առաջարկը Եվրախորհրդի ղեկավարն անվանել է «առատաձեռնության պարոդիա»։

«Եվ վերջում Ռուսաստանը, առատաձեռնություն ձեւացնելով, առաջարկում է 1 մլն տոննա հացահատիկ աֆրիկյան երկրներին,- ասել է Միշելը։- Ինչ ցինիզմ եւ անհարգալից վերաբերմունք աֆրիկյան երկրների հանդեպ»,- ասել է նա՝ հավելելով, որ հացահատիկի գործարքի շրջանակում այսօրվա դրությամբ արտահանվել է ավելի քան 30 մլն տոննա հացահատիկ, հիմնականում առավել խոցելի երկրներ։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գագաթաժողովում բանակցություններ էր վարել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ գործարքի վերականգնման փորձերի մասին, տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

Նորությունը հաջորդել էր այս շաբաթ Էրդողանի արտահայտած մտքերին գործարքի վերականգնման հնարավորության մասին, որն Ուկրաինային կոչ էր արել մեղմել դիրքորոշումը բանակցություններում եւ ավելի շատ ցորեն արտահանել Աֆրիկա, այլ ոչ թե Եվրոպա, չնայած Ուկրաինան դեմ է պատժամիջոցների թուլացման գաղափարին։

Ռուսաստանը համաձայնագրից դուրս է եկել հուլիսին ՄԱԿ եւ Թուրքիայի միջնորդությամբ դրա կնքումից մեկ տարի հետո, հայտարարելով, որ պարենի եւ պարարտանյութերի իր սեփական արտահանումը բախվում է խոչընդոտների, իսկ ուկրաինական հացահատիկը անբավարար քանակությամբ են ստանում դրա կարիքն ունեցող երկրները։