Իրանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել եւ ձերբակալել են ահաբեկչական խմբավորման բոլոր անդամներին երկրի հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգում, տեղեկացրել է Mehr-ը՝ հղում կատարելով հետախուզության նախարարության նահանգային վարչությանը։

Հայտարարության համաձայն՝ ահաբեկչական խմբավորումը հանցակից էր իրավապաշտպան Սամիր Բալուհի եւ նրա հղի կնոջ՝ Խանիգոլ Բալուհի զինված առեւանգմանը եւ սպանությանը Իրանշար օկրուգում։

Երկու ակտիվիստներին կտտանքների են ենթարկել, սպանել եւ ի վերջո այրել ու նետել սահմանապահ գոտի։

Այս հրեշավոր հանցագործության հետ կապված հանգամանքների քննության շնորհիվ հարավարեւելյան նահանգի հետախուզական ուժերին հաջողվել է պարզել ահաբեկչական խմբավորման բոլոր վեց անդամներին եւ ձերբակալել նրանց, նշվել է հայտարարությունում։

Հակաիրանական ահաբեկիչները եւ նրանց հովանավորները փորձել են Սամիրի եւ նրա կնոջ դաժան սպանությունը վերագրել անվտանգության իրանական ուժերին՝ անվստահություն սերմանելու եւ ամբողջ երկրում անկարգություններ հրահրելու նպատակով, նշվել է հայտարարությունում։

Անցած ամսվա վերջին արված հայտարարությունում Իրանի հետախուզության նախարարությունը նշել է, որ իր ուժերը չորս նահանգներում ոչնչացրել են մի շարք ահաբեկչական կազմակերպություններ՝ կապված իսրայելական վարչակարգի հետ։

Նախարարությունը հայտարարել է, որ «դիվերսիոն խմբերը» լայն սիոնիստական-ահաբեկչական ցանցի մասն էին, որը մի քանի գործողություն է իրականացրել իրանական չորս նահանգներում՝ Խուզիստանում, Մազանդարանում, Քերմանշահում եւ Սիստան-Բելուջիստանում։