Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսկերպ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է այն հարցին, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին «հանձնելու» մեջ։
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանին որևէ բանում մեղադրելուց առաջ պետք է գնահատել սեփական արարքները։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հղում է արել այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել են առաջին եռակողմ համաձայնագիրը։
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Այնտեղ ընդհանրապես ոչինչ չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, և այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պետք է լրացուցիչ բանակցություններ վարվեին։
Բայց երբ ավելի ուշ Պրահայում, որտեղ հրավիրված էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ, հարցը փակված է։ Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում է։ Եվ կարիք չկա մեզ մեղադրելու, թե, իբր, դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին մենք «հանձնել ենք» Ղարաբաղը։ Սեփական ժողովրդին պետք է ինքնուրույն պատասխան տալ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։











