Կառավարությունում, այսօր` հոկտեմբերի 14-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտոնում են, որ մինչ քննարկմանն անցնելը կառավարության ղեկավարը նշել է. «Մեր այսօրվա խորհրդակցությունը նվիրված է բիզնես միջավայրի բարելավման ծրագրի իրականացմանը: Մենք պետք է անցնենք ծրագրված միջոցառումների ցանկով, տեսնենք` ինչպես են դրանք իրականացվում, որպեսզի փուլ առ փուլ Հայաստանում կարողանանք բարելավել բիզնես միջավայրը»:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկներով: Նա տեղեկացրել է, որ ծրագրում հիմնականում ներառված են պետական մարմինների գործառույթները թվայնացնող միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով առցանց օգտվել պետական ծառայություններից, ինչը բիզնես միջավայրի բարելավման լավագույն ճանապարհն է:

Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, հարկային եւ մաքսային քաղաքականության իրականացմանը, արտաքին առեւտրի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են հարկերի վճարման վարչարարության, արտաքին առեւտրի, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման,  ընկերությունների հիմնադրման եւ փակման, վարկերի հասանելիության, նոր բիզնես սկսելու եւ սեփականության գրանցման ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:

Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներին: