Սա աննախադեպ է, որ Արցախի Հանրապետության նախագահին պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները չեն շնորհավորում:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

«Երբ մայիսին տեղի ունեցան Թուրքիայի նախագահի ընտրությունները, իրենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները հրապարակելուց ընդամենը 5 ժամ հետո Փաշինյանը Էրդողանին շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, իսկ Արցախի դեպքում արդեն 24 ժամ անցել է, սակայն Փաշինյանը դեռ չի շնորհավորել: Ինչպես Ադրբեջանին ձեռնտու չէր Արցախում Արայիկ Հարությունյանի փոփոխությունը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին ձեռնտու չէ, ուղղակի Ադրբեջանը այս հարցում ավելի անկաշկանդ է, իսկ պաշտոնական Երեւանը դեռւես այդքան բացահայտ չի կարողանում դրսեւորել: Բայց սա աննախադեպ է, որ արդեն պաշտոնական երդմնակալությունն է տեղի ունեցել, սակայն Արցախի Հանրապետության նախագահին պաշտոնական Երեւանի ներկայացուցիչները չեն շնորհավորում: Ես չգիտեմ, կարող է  հաղորդագրություն են գրել կամ զանգել են, բայց պաշտոնական որեւէ հայտարարություն չկա»,-ասաց նա:  

Քաղաքագետը նշեց, որ հնարավոր է այս դեմարշը ՌԴ-ի դեմ  պայմանավորված է Արցախում իշխանությունների փոփոխությամբ:

Անդրադառնալով նախորդ օրը ՌԴ կողմից հումանիտար բեռ ուղարկելու մասին տեղեկատվությանը, Մաթեւոսյանը նշեց, որ  սա անմիջական կապ ունի Արցախում նախագահի փոփոխության հետ:

«Արցախի ցանկացած իշխանություն մի շարք ֆունդամենտալ հարցեր պետք է լուծի: 1-ինը՝ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս հումանիտար ճգնաժամը մեղմվի: Երկրորդը՝ ինչքան էլ  շատ մարդկանց համար սա ցավալի լինի, բայց Արցախի նոր ղեկավարը պետք է Ադրբեջանի հետ բանակցային օրակարգ հաստատի, այսինքն ֆիքսի՝ ինչի վերաբերյալ կարող են բանակցություններ վարել Բաքվի հետ եւ կարմիր գծերը ֆիքսի: Ռուսական կողմի համար պետք է ըմբռնելի, հասկանալի եւ կանխատեսելի գործընկեր լինել, որովհետեւ Արցախը հայկական պահելու գրավականներից մեկը ռուսական կողմի ներգրավվածության շարունակականության ապահովումն է՝ անվտանգության ապահովման հարցում: Եւ չորրորդը՝ ցանկալի կլինի, որ Արցախի նեկայիս իշխանությունները իրենց ռեսուսրները օգտագործելով այնպես անեն, որ Երեւանը վերադառնա նոյեմբերի 9-ի փաստաթղթի տրամաբանության շրջանակներում քաղաքական գործընթացներին»,- ասաց նա:

Նշենք, որ Արցախի նախագահւ ընտրությունը տեղի էունեցել նախօրեին, իսկ այսօր երդման պաշտոնական արարողությունն է տեղի ունեցել: Հայաստանից ԱՀ նախագահին շնորհավորել են ընդդիմադիրները եւ ամենայն հայոց կաթողիկոսը: