Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, բայց սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արեւելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իհարկե, ցանկացած սրում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զսպում, դանդաղեցնում է մեր գործունեությունը, եւ ժամանակն անցնում է, մինչ մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում նորից աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի (Օվերչուկ-Գրիգորյան-Մուսթաֆաեւ) նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ դրա համար պայմանները հասունանան։

«Աշխատանքային շփումները մենք մշտապես պահպանում ենք։ Եթե պայմանները հասունանան, անպայման կհանդիպենք»,- ասել է նա։

Եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը վերջին անգամ տեղի է ունեցել հուլիսի սկզբին, այն ժամանակ ձեռք էր բերվել ընդհանուր ըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։