Ադրբեջանի արդարադատության նախարարության շենքի դիմաց, այսօր` հոկտեմբերի 14-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Իսլամական կուսակցության դատապարտված ակտիվիստներին: Ոստիկանությունը ցրել է ցույցը, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Ինչպես ասվում է Իսլամական կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, ակցիայի մասնակիցները պահանջել են արդար կերպով վերաքննել դատապարտյալների գործերը եւ ապահովել օրենքի գերիշխանություն:

«Երկրում ոչ թե թագավորը պետք է օրենք լինի, այլ օրենքը` թագավոր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերջին շաբաթներին Ադրբեջանում ազատազրկվել են Իսլամական կուսակցության 10 ակտիվիստներ եւ հավատացյալներ:

Իրավապաշտպանները կարծում են, որ իրենց հետապնդում են քաղաքական նկատառումներով` իշխանություններին քննադատելու եւ հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցելու համար, հաղորդում է Contact.az-ը: