Կոնկրետ ուղղվածության էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներ, տարածության ու ժամանակի մեջ ներդաշնակ, Գագիկ Ծառուկյանի գիտությամբ կամ առանց, փորձում են ստուգել, թե արդյո՞ք հնարավոր է ապահովել ԲՀԿ դուրսգալը կոալիցիայից` մեղքը Բաղրամյան 26-ի վրա բարդելով: «Տեսությունը» փորձ է արվում կառուցել տեղեկատվական ինչ-որ արտահոսքերի գոյության վրա. մի բան, որ այդ հոսքերին քիչ թե շատ հետևող մեկը մանգամից հիմարություն կորակեր, քանի որ նման տեղեկատվություն պարզապես չի եղել, առավել ևս արտահոսքով ուղղորդված:

Ստի վրա կառուցված տեսությունը բացահայտում է նաև հեղինակների ողջ մաղձը, որ ներկայացվում է որպես աքսիոմներ, նախազգուշացումներ ու փաստեր: Ու ամենը իրականության հետ որևէ կապ չունեցող: Ափսոս:

Հետաքրքիր է` Գագիկ Ծառուկյանի լրատվական ծառայությունն ամեն ի՞նչ է պատշաճ զեկուցում իր ղեկավարին, թե տարված է միայն սոցցանցերում մի քանի համակրելի թինեյջերների կողմից «ծիտիկ նկարելը» որպես սեփական փառահեղ գործունեություն ներկայացնելով: Արդյո՞ք հասկացվում է խաղը, արդյո՞ք կան վերլուծական կարողություններ, որոնք կմարսեն ու հակիրճ կներկայացնեն ինչ խաղ է պատրաստվում և ինչ կա այս կամ այն երևույթի տակ թաքնված: Զարգացումները ցույց են տալիս, որ հազիվ թե: Ափսոս:

«Արքայական» կերակրատաշտից անհագ մսխողների բանակը հազիվ թե իրեն նեղություն տված լինի ինքնագովասանքով ու սեփական դատարկությունը թաքցնելու ճանապարհով թռցրած միջոցների գոնե մի փոքր մասը մի կարգին մասնագիտացված հարցում անցկացնելու վրա ծախսելու համար, որպեսզի իր ղեկավարին զեկուցի իրերի իրական դրությունը: Խոսքը ոչ թե փիառ սուտհարցումների, այլ իրական մասնագիտացվածի մասին է, որն ունենալու իրավունքը, կարծես, Գագիկ Ծառուկյանը վաստակել է: Այ, եթե շեֆի աչքերը կապելու փոխարեն գործ անող հայտվեր, ապա ստորև բերված գծապատկերը պիտի որ վաղուց արդեն ծանոթ լիներ պարոն Ծառուկյանին, որը կպարզաբաներ, թե այլ հավասար պայմանների փոփոխության դեպքում ինչ է սպասվում ԲՀԿ ընտրազանգվածին: Բայց դե սա ընդամենը սոցիոլոգիա է, էն էլ երևի թե սուտ, պետք չի հավատալ, կարիք չկա…