Ադրբեջանի ղեկավարությունը լացակումած ագրեսիվությունից անցում է կատարել ագրեսիվ լացակումածության: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, կմեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ, որոնք միաժամանակ, ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով:
«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները , որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջեւ»,- ասել է նա:




























