Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 14-ին, ընդունել է  ԱՊՀ անդամ երկրների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցներին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ 2011թ. ԱՊՀ-ի համար  հոբելյանական է. բոլոր պետությունները տոնում են  իրենց անկախության 20-ամյակը, ինչպես նաեւ միասին նշում՝ Համագործակցության ձեւավորման 20-րդ տարեդարձը:

Հանրապետության ղեկավարի համոզմամբ,  ԱՊՀ-ն անցած  երկու տասնամյակի ընթացքում կայացել է իբրեւ ինքնատիպ  տարածաշրջանային միջպետական  կազմակերպություն` իր փոխգործակցության մեխանիզմներով, կանոնակարգող մարմիններով:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱՊՀ անդամ-երկրների ՆԳ նախարարների խորհրդի գործունեությունը, որը, նրա խոսքով, դարձել է գործուն եւ պետություններին մտահոգող շատ որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված մեխանիզմ: «Մենք կողմնակից ենք, որ համագործակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում հետագայում էլ զարգանա: Օրակարգը, որը դուք քննարկել եք երեւանյան խորհրդի այսօրվա նիստում եւ այն հարցերը,  որոնք քննարկման արդյունքում լուծումներ են ստացել, մեզ համար եւս կարեւոր են»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի ուղղությամբ խորհրդի նիստում ընդունված որոշումները: Համագործակցության մասնակից պետությունների ՆԳ նախարարները կարեւորել եւ արդյունավետ են համարել խորհրդի շրջանակներում իրականացվող աշխատանքը` այդ տեսանկյունից բարձր գնահատելով նաեւ Հայաստանի ոստիկանության ակտիվ գործունեությունը: