Ռուսական «Սու-30СМ» կործանիչների հետ կապված պատմությունը, որոնք Հայաստանը գնել է 44-օրյա պատերազմից ոչ շատ առաջ, ինձ համար զարմանալի է։ Այս մասին սեպտեմբերի 12-ի քննարկման ժաամանակ ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Վոյտոլովսկին։

Նրա համոզմամբ, եթե Հայաստանը գներ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, նախընտրությունը տար ՀՕՊ համակարգերի զարգացմանը եւ մասնակցեր հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման այն ծրագրերին, որոնք մի քանի տարի առաջարկում էր Ռուսաստանը, ապա իրավիճակի զարգացումը 2020թ. մի փոքր այլ կլիներ։

Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն այդ դեպքում այդպիսի գերազանցություն չէր ունենա օդում։ «Ինձ համար սա իրադարձությունների տարօրինակ զարգացում է»,- նշել է փորձագետը։

Քաղաքագետը նշել է, որ եթե Հայաստանը սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է գնում Հնդկաստանից, ապա դրանց մեջ կան նմուշներ, որոնք միանգամայն մրցունակ են եւ ստեղծված են Ռուսաստանի հետ համագործակցությամբ։

Վոյտոլովսկին նշել է, որ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններ գոյություն ունեն ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի, այլեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ։

Նրա կարծիքով՝  Հայաստանը կօգտվի նաեւ այդ մեխանիզմներից։

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը եղել եւ մնում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի հուսալի մատակարար։ «Բայց դա հայկական կողմի ընտրությունն է՝ ինչ գնել եւ ինչին տալ առաջնահերթությունը»,- ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները քանիցս հայտարարել են այն մասին, որ Ռուսաստանը չի մատակարարել անգամ այն սպառազինությունը, որի համար վճարված էր։ Ընդ որում՝ Մոսկվայում դա ոչ ոք չի հերքել։