Տրիպոլիում այսօր բախումներ են տեղի ունեցել Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մի քանի տասնյակ  կողմնակիցների եւ Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) զորքերի միջեւ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ականատեսներին, մայրաքաղաքի Աբու Սալիմ թաղամասում հայտնվել է մարդկանց մի խումբ, որոնք կարգախոսներ են վանկարկել ի պաշտպանություն Քադաֆիի: Որոշ ժամանակ անց հայտնվել են ԱԱԽ ուժերը, ու սկսվել է փոխհրաձգությունը: Բախումների ժամանակ երկու կողմերն էլ ծանր զենք են կիրառել, զոհերի մասին առայժմ չի հաղորդվում, տեղեկացնում է NEWSru.com-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ընդդիմության ուժերը ՆԱՏՕ-ի օդուժի աջակցությամբ գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին: Քադաֆիի գտնվելու վայրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Դեռ փետրվարին ընդդիմությունը Բենգազիում Ազգային անցումային խորհուրդ էր ստեղծել,  որը հայտարարվել էր երկրում միակ լեգիտիմ մարմինը: ԱԱԽ-ի լեգիտիմությունը ճանաչել է մոտ 60 երկիր: