Մենք առաջնորդվել ենք հենց նրանով, որ նման հայտարարությունները, այդպիսի ոչ բարեկամական բնույթի, չպետք է արվեն ոչ թե նրա համար, որ մենք չենք հարգում ինքնիշխանությունը, Աստված մի արասցե, չենք հարգում Հայաստանի անկախությունը, իհարկե, դա մեզ համար ինքնիշխան պետություն է։ Մենք խոսել ենք նման հայտարարությունների անընդունելիության, վնասակարության եւ վտանգավորության մասին, որովհետեւ դրանք կարող են խախտել իրավիճակը՝ դեպի սրացում, դեպի կարգավորման գործընթացի վատթարացում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմի «ոչ բարեկամական» հայտարարություններն ազդում են ղարաբաղյան հիմնախնդրին ռուսական կողմի վերաբերմունքի եւ ռուս խաղաղապահների տրամադրվածության վրա։
«Եվ հաստատ կխանգարեն այն ամենի իրականացմանը, ինչի մասին պայմանավորվել են երկու կողմերը ռուսական միջնորդությամբ։ Եվ այդ ամենը գրանցվել է այն փաստաթղթերում, որոնք արժանացել են երեք պետությունների ղեկավարների հավանությանը։ Հասկանում եք, այ այստեղ մի փոքր այլ է կապը, այն չի տանում դեպի այնտեղ, որ մեզ դուր չեկող հայտարարություններից մենք դիրք ենք ընդունում եւ այլն։ Իսկ մենք ընդունում ենք այն պայմանավորվածությունների պաշտպանության դիրք, որոնք պետք է հանգեցնեն, դրանց իրականացման դեպքում, կարգավորման, եւ մենք խոսում ենք այն մասին, որ նման հայտարարությունները կարող են, հավանականության մեծ բաժնով արդեն վնասում են կարգավորման ահա այդ իսկական խաղաղ պլանի իրականացմանը։ Այստեղ չկան ձեւականություններ, ձեւական մոտեցում, այստեղ չկա բացառապես դիվանագիտական պրակտիկա, այնպես չասացին, մեզ դուր չեկավ, մենք կարձագանքենք, որովհետեւ պարտավոր ենք։ Այստեղ կա բացատրելու փորձ, որ դա վնասում է ոչ թե մեզ, որ այդ հայտարարությունները, այդ մեծամիտ քայլերը, որոնք նախաձեռնվում են, խանգարում են կարգավորմանը։ Իսկ ինչ է կարգավորման գործընթացը, դա հո պարզապես թղթին գրված, ստորագրություններով ամրագրված մի բան չէ, դրա հետեւում կանգնած են մարդիկ, որոնք այսքան տարի եղել են չկարգավորվածության, իսկ երբեմն էլ իրավիճակի թեժացման պատանդը։ Հերթական անգամ նման անկման մեջ չընկնելու համար էլ մենք նշում ենք ահա այդ հայտարարությունների եւ քայլերի անթույլատրելիության մասին, որոնց մասին դուք նշեցիք», հայտարարել է դիվանագետը։





























