Հայաստանի իշխանությունը չի վարում այնպիսի քաղաքականություն, որը նրան կապահովի նոր դաշնակիցներ, բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանին հնարավորություն կտա չկատարել իր պարտավորությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ իշխանության գործողությունների պատճառով Երեւանի համար դժվար կլինի Մոսկվային պարտադրել կատարել իր պարտավորությունները։ Նա կոչ արեց այնպիսի քաղաքականություն վարել, որ Ռուսաստանը հնարավորություն չունենա խուսափել իր պարտավորություններից։

«Հատկապես մեր տարածաշրջանում անթույլատրելի է անվտանգության ոլորտում վակուում ստեղծել, քանի որ դա կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, այդ թվում՝ սպանդի»,-նշեց նա։

Կիվիրյանը գնահատմամբ՝ ի տարբերություն այլ երկրների՝ Ռուսաստանը քիչ թե շատ կատարում է իր պարտավորությունները։ «Ո՞ւմ է ուղղված ազդանշանը հայ-ամերիկյան զորավարժությունների տեսքով։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն շատ լավ հասկանում են, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն չի ստանձնի տարածաշրջանում անվտանգության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի ամբողջ արտաքին քաղաքականության տապալմանը»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ Արեւմուտքի շահը Հարավային Կովկասի տարածաշրջանում միայն Ռուսաստանի թուլացումն է։ «Եթե Հայաստանն ունենար էներգակիրներ, ինչպես Ադրբեջանը, ապա Հայաստանի եւ Արեւմուտքի շահերն ավելի ակնհայտ կլինեին»,-հավելեց նա։

Նա Փաշինյանին կոչ արեց ավելի ակտիվ համագործակցել Թեհրանի հետ։

«Սակայն Արեւմուտքից կախվածությունը, որը կար նաեւ նախկին իշխանության մոտ, թույլ չի տալիս դա անել։ Ընդ որում, Հայաստանի վարած քաղաքականությունը բերում է նրան, որ ուժեղանում է Թուրքիայի դերը, մինչդեռ հայկական շահերի հետ համընկնում են Իրանի լուրջ աշխարհաքաղաքական շահերը։ Հենց Թեհրանի քաղաքականության շնորհիվ եւ միայն դրա շնորհիվ է, որ այսօր տարածաշրջանում պատերազմ չի վերսկսվում»,-եզրափակեց Կիվիրյանը։