Հոլանդացի գիտնականները վերծանել են 115 տարեկանում մահացած կնոջ ԴՆԹ-ն եւ բացահայտել նրա երկարակեցության գաղտնիքը: Նրանք կնոջ մոտ հայտնաբերել են եզակի գենետիկ փոփոխություններ, որոնք պաշտպանել են ծերունական թուլամտությունից եւ այլ հիվանդություններից, հաղորդում է NEWSru.com-ը` հղում կատարելով ВВС-ին: Մահվանից առաջ նա իր մարմինը կտակել է գիտությանը, ինչը հնարավորություն է տվել գիտնականներին կազմել նրա գենետիկ կոդը:
Տվյալները, որոնք դեռ գիտական հրապարակման ներկայացված չեն, հաղորդվել են Մարդու գենետիկայի ամերիկյան ընկերակցության (American Society of Human Genetics) տարեկան հանդիպմանը:
Հայտնի է, որ տատիկը 113 տարեկանում մտավոր ունակությունների բացահայտման թեստ է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ տրված առաջադրանքները նա կարողանում է կատարել 65-70 տարեկան կնոջ մակարդակով: Նա նաեւ չի ունեցել անոթների խցանումներ, հաղորդում է «Ինբտերֆաքսը»:
Գիտնականների կարծիքով` նման կարգի ուսումնասիրությունները թույլ կտան պարզել, թե ինչու են որոշ մարդկանց գեներն օգնում նրանց ավելի երկար ապրել:




























