Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործունեությունը համարժեք չէ այն իրադրությանը, որն այսօրվա դրությամբ ստեղծվել է առաջնագծում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, սեպտեմբերի 14-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա, մասնավորապես, քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունը խորհրդարանում։ Վերջինը, մասնավորապես, հայտնել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր դիվանագիտական միջոցները Ադրբեջանի հետ նոր պատերազմ թույլ չտալու համար։ Նա  չի ցանկացել խոսել այլ մեթոդների մասին՝ ուղղված ծագած խնդրի լուծմանը։

Նախկին նախարարի տեսակետից՝ գործող իշխանության լռակյացությունը անվտանգության ապահովման հարցերում իրականում այլ բանի մասին է վկայում։ Հասարակության հետ աշխատելու անկարողության ու չիմացության մասին։ Իշխանություններն անգամ չեն փորձում ցրել առկա մտահոգությունը։ «Իրականում իշխանությունները պետք է հստակ գնահատական տան առաջնագծի իրադրությանը եւ քննարկեն այդ ամենը տարբեր օղակներում՝ Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում եւ Անվտանգության խորհրդում։ Ելնելով դրանից՝ նրանք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն»,- նշել է Օհանյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ այն բանում, որ կառավարության գործողությունները համարժեք չեն ստեղծված իրադրությանը, կարելի է համոզվել երկրի ներսում նրանց աշխատանքի օրինակով։ Առաջնագիծը կահավորելու, ողջ պոտենցիալը ինժեներաշինարարական աշխատանքների համար օգտագործելու փոխարեն իշխանություններն առկա ամբողջ պոտենցիալն ուղղում են ճանապարհների ասֆալտապատմանը։

Ընդդիմադիր գործիչը նաեւ ուշադրություն է հատկացրել ուռճացված ոստիկանական ապարատին։ Բանակային ստորաբաժանումների արագ կոմպլեկտավորման եւ բանակի հնարավորությունների ամրապնդման փոխարեն իշխանությունները մինչեւ վերջ հագցնում, կոմպլեկտավորում են ոստիկանական կազմավորումները՝ միաժամանակ ստեղծելով նոր ոստիկանական հատուկ ստորաբաժանումներ։  «Այս բոլոր պատրաստությունները պետք է, առաջին հերթին, իրականացվեին բանակում։ Երկրի ողջ պոտենցիալը պետք է ուղղել մեր մարտական հնարավորությունների ուժեղացմանն ու բարձրացմանը։ Այդ գործընթացը  պետք է ընթանա կանոնավոր զորավարժություններին զուգահեռ։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ բարեկամական երկրների տարածքում»,- ասել է պատգամավորը։

Սեյրան Օհանյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի կողմից անվերջ տեղաշարժերը եւ տեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ ռազմական պոտենցիալի ավելացումն ի վերջո կարող են հանգեցնել նոր բախման։ «Ես չեմ ուզում վախեցնել հասարակությանը։ Ես ընդամենը ձգտում եմ, որ բարձրանա մեր մարտական ոգին եւ դիմադրության ունակությունը»,- հավաստիացրել է պաշտպանության նախկին նախարարը։