Նիկոլ Փաշինյանն ամենավատ բանակցողն է Հայաստանի պատմության մեջ, քանի որ հենց նրա բանակցությունների արդյունքում է դիվանագիտությունն ավարտվել, եւ սկսվել է պատերազմը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, սեպտեմբերի 14-ին ասել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Պատերազմի սկսումը, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի բանակցային անզորության դրսեւորումն է։ «Փաշինյանը չի կարող բանակցություններում որեւէ հայկական փաստարկ ներկայացնել, քանի որ հենց ինքն է հայտարարել, որ բանակցային գործընթացի մանրամասների մասին իմացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից։ Իսկ Ալիեւն էլ, իր հերթին, չի կարողացել նրան որեւէ հայկական կամ հայամետ դիրքորոշման մասին հայտնել»,- ասել է Թովմասյանը։

Նա խորհուրդ է տվել վարչապետին ավելի հաճախ շփվել Ֆրանսիայի նախագահի հետ, որպեսզի վերջապես իսկական հայամետ դիրքորոշում լսի։