Եվրոպական խորհրդարանի բրիտանացի նախկին պատգամավոր Սաջադ Կարիմը կարծիք է հայտնել, որ միջավայր պետք է ստեղծվի, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանա Հայաստանը խաղաղ հանգրվանի հասցնել։

Ըստ նրա՝ այդ հարցում դերակատարում կարող են ունենալ ինչպես ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունն ու Եվրոպական Միությունը, այնպես էլ Ադրբեջանի դաշնակից երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները։

«Միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղություն բերել Հայաստանին։ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Եվրոպական Միությունը այս հարցում դերակատարում ունեն։ Սակայն նաև Ադրբեջանի դաշնակից և այլ բարեկամ երկրները կարող են օգնել այդ միջավայրը ստեղծելու հարցում, որպեսզի հայերը գլոբալ առումով տեսնեն խաղաղության օգուտները իրենց ազգի համար»,-  այս մասին նա գրել է X-ի իր էջում։

Սաջադ Կարիմը հավելել է, որ Թուրքիան բանակցությունների մաս է, իսկ դերակատարում ունենալու ներուժ ունի նաև Պակիստանը։

Կարիմը իր գրառման մեջ նշել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։